ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։

Revolution, revolucion բառի ձևերը ծագում են լատիներեն revolutio բառից, որ նշանակում է շրջադարձ։ Սկզբնական շրջանում revolution տերմինն օգտագործվել է աստղագիտության և ալքիմիայի մեջ: Գիտական շրջանառության մեջ է մտել Նիկոլայ Կոպեռնիկոսի դարակազմիկ նշանակություն ունեցող  «De revolutionibus orbium coelestium» (Երկնային ոլորտների պտույտի մասին, 1543թ.) գրքում:

Հեղափոխությունները լինում են տարաբնույթ և արտահայտվում են տարբեր ոլորտներում՝ բնության, հասարակության՝ նեոլիթյան, տնտեսության, արդյունաբերության, մշակույթի, ժողովրդագրության, գիտության, քաղաքականության և այլն:

Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձեւ․

1․ Ամբողջական անցում մի կառավարման համակարգից (սահմանադրության փոփոխությունը) մյուսին

2․ Գոյություն ունեցող կառավարման համակարգի բարեփոխում (սահմանադրության):

Երբեմն հեղափոխություն են անվանում նաև այս կամ այն սոցիալ-քաղաքական երևույթները, օրինակ անգլիական հեղաշրջումը, երբ Ստյուարտներին փոխարինելու եկան Նասաու-Օրանսկի դինաստիան, որն հայտնի է Փառահեղ հեղափոխություն անվամբ (1688-1689), Իրանի մոդերնիզացումը Մոհամմեդ Ռեզա Փեհլեվի շահի օրոք (սպիտակ հեղափոխություն) և այլն:

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծամասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։

Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։

Քաղաքական հեղափոխությունների առաջացման հիմնական պատճառներ կարելի է համար սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, էլիթայի օտարումը հասարակությունից և նրանց պառակտումը, հեղափոխական ուժերի և միջոցների համախմբում, գաղափարախոսություն, բարենպաստ միջազգային պայմաններ:

Քաղաքական հեղափոխության հիմնական տարբերակիչ բնութագիրը նախորդ իրավական համակարգի անհամապատասխանությունն է հեղափոխության պահանջներին և արդյունքին:

Հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը):

Ընդհանրացնելով քաղաքական հեղափոխությունները կարող ենք առանձնացնել դրանց մի քանի տեսակներ

Բուրժուական հեղափոխություններ՝ Հոլանդական, Անգլիական, Մեծ ֆրանսիական, Առաջին ամերիկյան և այլն:

Սոցիալիստական հեղափոխությունները հանգեցնում են սոցիալական կարգի և դասակարգերի փոփոխության՝ կապիտալիզմից անցում սոցիալիզմի՝ 1949թ. Չինական հեղափոխություն:

Ազգային-ազատագրական հեղափոխություններ՝ Լատինական Ամերիկայում, Իրաքյան, Ալժիրյան, Ֆիլիպպինյան, Հնդկական:

Թավշյա հեղափոխությունը սկսվել է Արևելյան Եվրոպայի երկրներում և Մոնղոլիայում 1989-1991թթ., որոնց ժամանակ լիկվիդացվում են խորհրդային ոճի կառավարութունները: Որոշ քաղաքագետների կարծիքով (Ալեքսանդր Տարասով, Ազգային հեղափոխական գործընթաց; ներքին օրինաչափություններ և էտապները) թավշյա հեղափոխությունը իրական հեղափոխությանը նախորդող փուլն է: Թավշյա հեղափոխությունն անվանում են հակակոմունիստական հեղափոխություն կամ բանակցային՝ խաղաղ ճանապարհով հեղափոխություն:

Գունավոր հեղափոխությունները, թավշյա հեղափոխությունների շարունակությունն են համարում, որի օրինակները բազմաթիվ են հատկապես հետխորհրդային շրջաններում: Օրինակ Վրաստանում, Ուկրաինայում և այլն:

 

Թողնել մեկնաբանություն